Երեխայի խնամք

Խաղեր մեկ տարեկան երեխայի հետ

Ահա եւ լրացավ ձեր փոքրիկի մեկ տարեկանը: Այժմ նա քայլում է եւ փորձում ճանաչել իրեն շրջապատող աշխարհը:

Ծնողները տարբեր խաղերի միջոցով կարող են օգնել երեխային դառնալ ավելի ուժեղ, արագաշարժ եւ ակտիվ: Սովորաբար, դեռ մեկ տարին չլրացած, երեխաները սկսում են քայլել: Փոքրիկի համար դա մեծագույն նվաճում է, քանի որ նա կարողանում է միանգամից շարժել ոտքերի մի քանի մկանները, նրա վեստիբուլյար ապարատն աշխատում է առանց խանգարումների: Բայց դա չի նշանակում, որ ակտիվ խաղերը, որոնք նպաստում են նրա քայլքին, ավելորդ են: Իրականում փոքրիկին անհրաժեշտ է յուրացնել քայլքի բոլոր տեսակները:

Խաղի համար ձեզանից կպահանջվի կտրատել մի քանի թերթ գունավոր թուղթ: Կտրած թղթե կտորները պետք է դասավորել հատակին, այնպես, որ երեխան կարողանա դրանց վրայով քայլել: Սա հնարավորություն է տալիս համակարգել նրա շարժումները՝ ուղղելով ճիշտ ուղղությամբ: Հետագայում կարելի է «ճանապարհի» երկարությունն ավելացնել կամ այն դարձնել ոլոր-մոլոր: Այս ամենը պարբերաբար կատարելուց հետո, շատ շուտով երեխան ինքնուրույն ու վստահ քայլերով կհաղթահարի ձեր ցանկացած առաջադրանքը:

Սովորելով քայլել՝ փոքրիկներն աստիճանաբար հայտնաբերում են իրենց համար նոր գործողություն՝ վազք: Երեխաներից ոմանք արագ են յուրացնում այս գործողությունը, իսկ ոմանք էլ դժվարությունների են հանդիպում: Երեխաների մի մասն էլ ուղղակի չի ցանկանում վազել: Հենց այսպիսի երեխաներին էլ անհրաժեշտ է խաղի միջոցով ցույց տալ վազելու իմաստը: Իսկ ո՞վ է երեխայի համար ամենաթանկն ու կարեւորն այս աշխարհում, իհարկե մայրը: Խաղի ընթացքում կարող եք փոքրիկից մի փոքր հեռանալ ու կանչել նրան ձեզ մոտ: Երեխան առանց վախի կվազի ձեզ մոտ: Իսկ նպատակն այն է, որ երեխան վազելու ընթացքում չունենա վախի զգացում:

Շատ կարեւոր է խրախուսել երեխաներին իրենց ձեռք բերած ցանկացած հաջողության համար:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Ինչպես խնամել մաշկը ձմռանը

Մեգան Մարքլիի ճաշացանկից…

Յոգա՝ ճանապարհ դեպի ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր կատարելություն

Close