Երեխայի խնամք

Երեխայի ադապտացման գործընթացը մանկապարտեզում

Փոքրիկի համար շատ խնդիրներ են առաջանում, երբ նա հայտնվում է մանկապարտեզում՝ իր համար անծանոթ այդ «մոլորակում»:

Եվ ահա ձեր երեխան մեծացել է ու ժամանակն է նրան մանկապարտեզ տանել: Իրականում երեխայի առջեւ բարդ խնդիր է դրված, նա պետք է կարողանա հարմարվել իր համար անծանոթ այդ աշխարհում, յուրացնի այդ աշխարհի կանոնները եւ սովորի լինել մորից հեռու: Կարելի՞  է արդյոք այնպես անել, որ երեխայի ադապտացման գործընթացը մանկապարտեզում ընթանա վերջինիս համար ավելի հեշտ:

Եթե որոշել եք երեխային մանկապարտեզ տանել, սկսեք նախապատրաստել նրան նախապես: Օրինակ կարելի է տանը խաղ կազմակերպել դաստիարակի եւ երեխաների մասին ու ժամանակ առ ժամանակ երեխայի հետ դերերով փոխվել: Այսպիսով, երեխան նախնական պատկերացում կունենա մանկապարտեզի մասին:

Հաճախ զրուցեք երեխայի հետ այդ թեմայով, ասեք նրան, որ մանկապարտեզում նա նոր ընկերներ ձեռք կբերի ու նոր խաղեր կսովորի: Սակայն ոչ մի դեպքում մի խոստացեք անիրական ակնկալիքներ: Երեխան պետք է գիտակցի, որ այնտեղ նա որոշակի պարտավորություններ ունի (թեկուզ ոչ բարդ) եւ դաստիարակի ուշադրության կենտրոնում միայն ինքը չպիտի լինի, այլ բոլոր երեխաները:

Նրան անպայման բացատրեք, որ իր մանկապարտեզ գնալը կարեւոր է ոչ միայն իր համար (չէ որ նա արդեն մեծ է), այլ նաեւ՝ ձեր:

Առաջին փուլում շատ կարեւոր է հոգեբանորեն ճիշտ ուղեկցել երեխային մանկապարտեզ: Ծնողները պետք է իմանան, որ մանկապարտեզում երեխայի ադապտացման գործընթացը մոտավորապես տեւում է մեկ ամիս: Այդ ժամանակահատվածում փոքրիկը հատուկ ուշադրության ու հոգատարության կարիք ունի:

Մանկապարտեզում երեխայի դաստիարակը պետք է տեղյակ լինի նրա նախասիրություններին: Իսկ եթե նա դժվար է շփվում իր հասակակիցների հետ, ապա փորձեք դուք ինքներդ ծանոթացնել նրան մյուս երեխաների հետ:

Որոշ երեխաների համար շատ ցավալի է մորից բաժանվելու պահը: Ցանկալի է, որ առաջին մի քանի օրերը երեխային մանկապարտեզ ուղեկցի ձեր ծանոթներից կամ հարազատներից որեւէ մեկը: Աշխատեք, որ երեխայի հետ բաժանումը լինի շատ կարճ ու մի փոքր գործնական: Անպայման զգուշացրեք նրան, թե երբ եք գնալու իր ետեւից, օրինակ ճաշից հետո, թե զբոսանքից հետո: Եվ երբեք ձեր ասած ժամից մի ուշացեք: Մոռացված լինելու զգացողությունն այնքան ուժեղ է, որ կարող է ոչնչացնել բոլոր լավ տպավորությունները:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Ոճ. շքեղությու՞ն, թե՞ անհրաժեշտություն

Խնձորի դիետա

Սիրե՞լ, թե՞ լինել սիրված

Close