Ամուսնություն

Ամուսնություն, երբ տղամարդը տարիքով փոքր է կնոջից

Ամուսնության ընթացքում կարո՞ղ է արդյոք տարիքային տարբերությունն ազդել տղամարդու ու կնոջ հարաբերություններում:

Այն դեպքում, երբ տղամարդն է մեծ կնոջից, կարծես թե անսովոր ոչինչ չկա: Իսկ ինչպե՞ս վերաբերվել այն հարաբերություններին, երբ կինն է տղամարդուց մեծ:

Առաջին հերթին ամեն ինչ կախված է նրանից, թե քանի տարի է այդ տարբերությունը: Եթե այն մոտ 5 տարի է, ապա ոչ մի տարօրինակ բան չկա, առավել եւս՝ դատապարտելի: Կան մարդիկ, ովքեր արդեն 20 տարեկանում ունեն բավական իմաստնություն ու կյանքի փորձ, որ ամուսնանան: Նրանք իրենց տիկնանց համար համարվում են սիրող ու արժանի տղամարդիկ:

Ամուսնական հարաբերությունները փոքր ինչ այլ են ընթանում, երբ տարիքային տարբերությունը 10 եւ ավելի տարի է: Նման դեպքում կինը պետք է հստակ գիտակցի, թե ինչ է ինքն ուզում իր երիտասարդ տղամարդուց եւ ինչպես է վերջինս իրեն վերաբերվում:

Շատ հաճախ նման ամուսնությունների ժամանակ տղամարդը որդու դեր է խաղում: Կանայք ձգտում են հոգ տանել իրենց սիրելիներին եւ նրանք պատասխանատվություն են զգում հատկապես այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենցից տարիքով փոքր են: Նման դեպքում ընտանիքում լինում է ոչ թե կին ու ամուսին հարաբերություններ, այլ` մայր ու որդի: Այդպիսի քմահաճ «որդիները» սովորաբար չեն կարողանում գտնել իրենց արժանի աշխատանք: Այսինքն՝ նրանք մարդիկ են, ովքեր սիրում են ապրել ուրիշի հաշվին:

Լինում են նաեւ դեպքեր, երբ կինն ընտրում է երիտասարդ տղամարդու, որպեսզի իրեն երիտասարդ զգա ու վայելի կյանքի հաճույքները: Իրականում այսպիսի մտածողությունը ինքնախաբեություն է: Եթե մարդը հոգով երիտասարդ է, ապա նա այդպիսին կմնա նաեւ իր հասակակից տղամարդու հետ: Նման ամուսնությունները պահպանվում են միայն այն դեպքում, երբ կինը ֆինանսապես ապահովված է, ինչը եւ հետաքրքրում է երիտասարդ տղամարդկանց: Նման տղամարդիկ հասկանում են, թե կինն ինչու է իրեն ընտրել եւ սկսում են առիթից օգտվել: Նրանք տաղանդավոր դերասաններ են, կարող են ձեւացնել, թե իբր սիրում են կնոջը, բայց իրականում սիրուհիներ ունենան: Իսկ կանայք տարիներ շարունակ չեն էլ գիտակցում, որ իրենց ամուսինները դավաճանում են իրենց, խաղում իրենց զգացմունքների հետ: Այնպես որ, նախքան երիտասարդ, գեղեցիկ տղամարդու հետ ամուսնանալը կանայք պետք է հարյուր անգամ մտածեն:

Չեն բացառվում նաեւ այն ամուսնությունները, երբ տղամարդն իսկապես կարող է սիրել իրենից տարիքով մեծ կնոջ: Այսինքն` ցանկացած դեպքում կինը պետք է զգա, որ իր ընտրած տղամարդն այնքան հասուն է, որ կատարում է այնպիսի մի լուրջ քայլ, ինչպիսին ամուսնությունն է:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Հյուրասենյակի կահույքը

Հայելիները տան ինտերիերում

Եթե երեխան վատ է ուտում

Close